AM
18 November 2003 - 14:18 AMT

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐ

Նախօրեին Սուդանի հարավում ԱՆ-12 բեռնատար ինքաթիռի վթարի արդյունքում զոհվել է Հայաստանի չորս քաղաքացի: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սամվել Մարգարյանը, նախնական տվյալներով, զոհվել են ինքնաթիռի անձնակազմի անդամներ` հրամանատար Սամվել Մկրտչյանը, երկրորդ օդաչու Տիգրան Պետրոսյանը, ղեկապետ Նշան Հովհաննիսյանը եւ բորտինժեներ Հովհաննես Կրունչոյանը: Համաձայն աղբյուրի, տեղեկատվությունը հաստատելու նպատակով ՔԱԳՎ ղեկավարությունը ներկայումս փորձում է կապ հաստատել սուդանական «Սարիա» ավիաընկերության հետ, որին պատկանում է ԱՆ-12 ինքնաթիռը: Եղած տեղեկությունների համաձայն, ինքնաթիռը պայթել է օդում, երբ պատրաստվել է վայրէջք կատարել Վաու քաղաքում: Զոհվածների ընդհանուր թիվը 13 է: Ինքնաթիռը տեղափոխում էր սննդամթերք եւ պետական ծառայողների աշխատավարձի համար նախատեսված դրամական միջոցներ Սուդանի Կենտրոնական բանկից: