AM
9 January 2012 - 08:03 AMT

Ալեքսանդր Ռար. ԵԱՀԿ ՄԽ երկրներին շահավետ է ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում պահել

Ղարաբաղյան հակամարտության սառեցված վիճակը շահավետ է համաշխարհային հիմնական խաղացողների համար: Նման կարծիք է արտահայտել գերմանացի միջազգային լրագրող, Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բերթոլդ Բեյցի անվ. կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը, ադրբեջանական ԶԼՄ տված հարցազրույցում:

«Տերությունների առջև դրված են Իրանի, Հյուսիսային Կորեայի, Հյուսիսային Աֆրիկայի հարցերը: Կարծում եմ, որ Արևմուտքի և ԵԱՀԿ երկրների համար ամենաշահավետ տարբերակը ղարաբաղյան հակամարտության սառեցված վիճակն է»,-ընդգծել է փորձագետը:

Ըստ նրա, ներկայիս փուլում հակամարտության սառեցված վիճակը ձեռնտու է հատկապես նրանց, ովքեր ուզում են, որ Հարավային Կովկասը դառնա այս տարածաշրջանից դեպի Արևմուտք էներգապաշարների տեղափոխման գլխավոր միջանցք:

Պատասխանելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին հարցին` Ռարը նկատել է. «Կարծում եմ, Արևմուտքում բոլորը հույս ունեն, որ դա տեղի չի ունենա, որ Ադրբեջանը չի գնա Սահակաշվիլիի ճանապարհով` Հարավային Օսեթիայի հարցում: Քանի որ նման քայլի հետևանքով Վրաստանը ևս չշահեց»:

Վերջում Ռարը հավելել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, «եթե անգամ այդ հարցը լուծելու լինի գալիք սերունդը»: