AM
17 November 2003 - 18:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր Բուխարեստում բացվել է հայ-ռումինական բիզնես-համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ռումինական աղբյուրները, համաժողովը կոչված է ուղիղ երկխոսություն սահմանել երկու երկրների ձեռներեցների միջեւ` նպատակ ունենալով ակտիվացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն, այդ համագործակցության առաջընթացի բացակայությունը հիմնականում կապված է տրանսպորտային կապերի ոչ բավարար զարգացման հետ: «Այդ կապակցությմաբ Ռումինիան մտադիր է ակտիվացնել Կոնտանցա-Բաթումի-Փոթի լաստանավային ուղին»,- նշել է նա: Իր հերթին Հայաստանի նախագահը հայտարարել է լրագրողներին, որ իր ռումինացի գործընկերոջ հետ պայմանավորվել են տնտեսական համագործակցությանը ներգրավել երկու երկրների առեւտրա-արդյունաբերական պալատներին: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով` Հայաստանի կողմից կներգրավվի նաեւ Զարգացման հայկական գործակալությունը, որը զբաղվում է հատկապես այդպիսի հարցերով: