Գերմանիա կատարած այցն ավարտելուն պես Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մեկնել է Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաք երկօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նոյեմբերի 14-ին կհանդիպի իր ռուս գործընկեր Իգոր Իվանովի հետ: Ինչպես այսօր հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն, հաղորդում են ռուսական աղբյուրները, նախարարները կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ կարեւորագույն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նրա խոսքերով, կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման ուղղությամբ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ջանքերի համաձայնեցման, տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների կարգավորման, համակովկասյան համագործակցություն ծավալելու համար վստահության մթնոլորտի ստեղծման հետ կապված հարցեր: Հատուկ շեշտ է դրվելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղիների որոնման վրա, ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, բանակցություններում առաջնային թեմաներից է լինելու նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցությունը: «Հանգամանալից զրույց է ակնկալվում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի, մասնավորապես, պարտքի դիմաց գույքի փոխանցման եւ Ռուսաստանի սեփականությանն անցած հայկական ձեռնարկությունների հետագա աշխատանքի մասին», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: