AM
12 November 2003 - 18:21 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԻՋԵՑՐԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւը դիմել է երկրի խորհրդարան պետության ղեկավարի, այսինքն իր, աշխատավարձը իջեցնելու խնդրանքով: Օրենքի համաձայն Ալիեւ-ավագի դրույքը կազմում էր 27 հազար դոլար: Այժմ Ալիեւ-կրտսերի խնդրանքով պատգամավորները իջեցրել են նախագահական աշխատանքի վարձատրությունը հինգ անգամ` մինչեւ ամսեկան 5400 դոլար, իսկ եկող տարվա հունվարից (երկրում նվազագույն աշխատավարձի ավելացման կապակցությամբ) այն կկազմի 7200 դոլար: Հանդես գալով խորհրդարանի նիստում` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Սիրուզ Թեբրիզլին ընդգծել է, որ ընդունված որոշումը տնտեսականի հետ մեկտեղ ունի նաեւ կարեւոր բարոյա-քաղաքական նշանակություն: Թեեւ, ինչպես գրում է Ռուսաստանի «Վրեմյա նովոստեյ» թերթը, նույնիսկ իր անձնական բյուջեի հնգակի կրճատումից հետո Իլհամ Ալիեւը կստանա գրեթե այնքան, ինչքան նրա եվրոպացի գործընկերները, եւ նույնիսկ ավել, քան Ռուսաստանի նախագահը: 2003 թվականին Վլադիմիր Պուտինը ստանում է ամսեկան 3 հազար դոլարից քիչ ավելի: Իսկ այ Էդուրադ Շեւարդնաձեին կարելի է միայն ցավակցել` նա ստանում է շուրջ 200 դոլար: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստանում է ամսեկան 30 հազար դոլար: Ինչպես նշում է թերթը, միջին աշխատավարձը Ադրբեջանում հազիվ հասնում է 80 դոլարի, թոշակը` 30-ի, իսկ կենսամինիմումը 105 դոլար է: Նույնիսկ պաշտոնական տվյալներով, բնակչության գրեթե 50 տոկոսը ապրոմ է աղքատության սահմանից այն կողմ, իսկ անկախ հետազոտությունների համաձայն, այդ թիվը գերազանցում է 80 տոկոսը: