Վրաստանաբնակ ազգային փոքրամասնությունների առաջնորդները պահանջում են երկրի կառավարությունից առավելագույն ուշադրություն դարձնել նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը եւ երկրում կայունության ապահովմանը: Այդ մասին, վրացական աղբյուրների հաղորդագրության համաձայն, ասվում է խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ էթնիկ փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպությունների այսօր ընդունված հայտարարությունում: Հայտարարության համաձայն, Թբիլիսիյում եւ որոշ շրջաններում ծավալվող իրադարձությունները, հիշեցնում են ոչ վաղ անցյալի ժամանակաշրջանը, որի հետեւանքը եղան ազգամիջյան դիմակայության եւ անհանդուրժողականության տարիները: Որոշ անձանց կողմից առաջ քաշված կոչերը, օրինակ` «Խորհրդարանը ընտրված չէ վրաց ժողովուրդի կողմից», «Վրացիներ, պաշտպանենք մեր ձայները» նպատակ ունեն ուղղել մարդկանց զգացմունքները ագրեսիվ ազգայնականության հունը` զուգահեռաբար կասկածի տակ դնելով հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված Քվեմո Քարթլիի եւ Սամցխե Ջավախքի շրջանների բնակիչների ընտրության իրավունքը, նշվում է հայտարարության մեջ: Այդ առնչությամբ Վրաստանի ազգային փոքրամասնությունների առաջնորդները կոչ են արել հասարակայնությանը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ոչ կառավարական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին չենթարկվել սադրիչ կոչերին, որոնց նպատակն է ապակայունացնել հասարակական կարգը, բարոյազրկել եւ պառակտել հասարակությունը, հրահրել ազգամիջյան գժտություն: