Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը մտադիր չէ իր հայ գործընկերոջ հետ քննարկել Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տիրող իրավիճակը: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Երեւան նախօրեին ժամանած ռուս նախարարը: «Դա հարեւան ինքնիշխան պետության ներքին գործն է»,- ասել է նա լրագրողներին: Միեւնույն ժամանակ Ս. Իվանովը բացառել է Վրաստանում տեղակայված ռուսաստանյան զինվորականների մասնակցությունը որեւիցե քաղաքական իրադարձությունների այդ երկրում: «Ռուս զինվորականները կարող են զենք կիրառել միայն այն դեպքում, եթե նրանց վրա հարձակում կատարվի, սակայն չեմ կարծում, որ ինչ որ մեկի մտքով նման սցենար կանցնի»,- ասել է նա: