AM
10 November 2003 - 17:05 AMT

«APEX» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ

«APEX» միջազգային տրանսպորտային ընկերությունը մտադիր է յուրացնել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Միջին Արեւելք տրանսպորտային միջանցքը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Ագիտը: Նրա խոսքերով, առաջիկայում փորձնական երթուղի է դուրս գալիս երկու մեքենա` մեկը Թբիլիսիից Իրանով մինչեւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ երկրորդը` Հայաստանից մինչեւ Հյուսիսային Իրաք (Հարավային Քրդստան): Առաջինը բեռնված կլինի հումքով եւ անտառանյութով, իսկ երկրորդը` հայկական հանքային ջրով: Այդ երթուղիներն յուրացնելու գործում « APEX» ընկերությանն աջակցում է Իրանի կառավարությունը, որը, բացառության կարգով, իր տարածքով անցնող տարանցիկ բեռների համար վերացրել է որոշ սահմանափակումներ: «Եթե նախագիծն արդարացնի իրեն, ապա հետագայում Իրանը կվերանայի իր օրենքներն այդ երթուղու համար», – հաղորդել է Գ. Ագիտը: Նրա խոսքերով, տարանցման երթուղին Հայաստանի տարածքով չափազանց արդյունավետ է Իրաքից, Իրանից, ԱՄԷ-ից Ռուսաստան եւ Եվրոպա բեռներ առաքողների համար: Ընդ որում նա ավելացրել է, որ տվյալ նախագծի հաջողությունը կախված է Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի համաձայնությունից, որոնք հետագայում կունենան ոչ քիչ տնտեսական ու նույնիսկ քաղաքական շահաբաժին: