AM
10 November 2003 - 14:31 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վրաստանի «Էրթոբա» քաղաքական միավորման ղեկավար Ջումբեր Պատիաշվիլին հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե իբր ինքը համաձայնվել է Լեյբորիստական կուսակցության ղեկավարներից մեկի այն մտքին, որ Նինո Բուրջանաձեն, Զուրաբ Ժվանիան եւ այլոք Վրաստանում «հայկական հեղափոխություն» են անցկացրել: «Ես նման անհեթեթ կարծիքի հետ չէի կարող համաձայնվել: Ես սիրում եմ ու կսիրեմ հայ ժողովրդին»,- հայտարարել է Պատիաշվիլին «Ա-ինֆո» գործակալությանը: Ընդ որում նա դժգոհություն է հայտնել այն բանի վերաբերյալ, որ որոշ լրագրողներ ստահոդ լուրեր են տարածում, որոնք ավելորդ լարվածություն կարող են առաջացնել հայ-վրացական հարաբերություններում: «Ես հայ ժողովրդի անկեղծ բարեկամն եմ եւ դեմ եմ ցանկացած լուրերի եւ հայտարարությունների, որոնք կարող են հակահայկական համարվել»,- ասել է Վրաստանի քաղաքական գործիչը: