ԱՄՆ-ում լույս է տեսել «Բրիտանական դիվանագիտությունը եւ Հայկական Հարցը. 1830-1914թ.թ.» գիրքը, որի հեղինակն է Վաշինգթոնում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, գրքի շնորհահանդեսը կազմակերպել էին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Ջոն Քլյուգե կենտրոնը եւ Մերձավոր Արեւելքի բաժինը: Ինչպես շնորհանդեսին նշել է Ա. Կիրակոսյանը, դիվանագիտական վավերագրերի եւ գիտական գրականության, հուշագրերի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ պարբերականների նյութերի հիման վրա գրքում վերլուծվում է Մեծ Բրիտանիայի քաղաքականության ձեւավորումն Օսմանյան կայսրության եւ նրա ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Դեսպանի խոսքերով` ձգտելով զրկել Ռուսաստանին Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչությանը պաշտպանելու ավանդական իրավունքից, բրիտանական կառավարությունը բարենորոգումների իրականացման եւ ազգային-ազատագրական շարժումները կանխելու ճանապարհով ձգտում էր ուժեղացնել Կայսրության ռազմաքաղաքական եւ տնտեսական դրությունը: Սակայն, նշել է Ա. Կիրակոսյանը, Մեծ Բրիտանիայի եւ մյուս պետությունների քաղաքականությունը, էլ ավելի վատթարացրեց քրիստոնյա բնակչության, այդ թվում` արեւմտահայության վիճակը այդ երկրում: