Իմ ներկա այցի ընթացքում նախատեսվում է 2004 թվականի փոխգործակցության ծրագրի ստորագրում երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ: Այդ մասին հայտարարել է երեկ երեկոյան եռօրյա այցով Երեւան ժամանած Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նշենք, որ այցը տեղի է ունենում Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրավերով: Վ. Ռուշայլոյի խոսքերով` ծրագրվում է նաեւ հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության հետ եւ խորհրդատվություններ` ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Այդ խորհրդատվությունների ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցությանը եւ իրավապահ կառույցների փոխգործակցությանն առնչվող հարցեր: «Մենք դրական ենք գնահատում մեր համագործակցության մակարդակը, սակայն, այնուամենայնիվ, կան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել», – ասել է լրագրողներին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը: