Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի հետ Բեռլինում` Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին առայժմ պայմանավորվածություն չկա: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` հերքելով նոյեմբերի 12-13 Գերմանիայում կայանալիք «Հարավային Կովկաս` քաղաքական մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» խորհրդաժողովի շրջանակներում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, Վ. Օսկանյանը նշել է, որ այդ մասին կարելի է խոսել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի նորընտիր ղեկավար Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո: Նրա խոսքերով` միջնորդների այցը նախատեսված է մոտավորապես դեկտեմբերի առաջին կեսին: