Եվրահանձնաժողովը ընդունել է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության առնչվող նոր փաստաթուղթ: Ինչպես հաղորդում են ԵՄ-ին մոտ կանգնած թուրքական լրատվական աղբյուրները, փաստաթղթում, որը կոչվել է Առաջընթացի զեկուցագիր հիշատակվում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ սահմանը այդ երկրների միջեւ կարող է բացվել դիվանագետների եւ զբոսաշրջիկների համար: Զեկուցագրում նաեւ ողջունվում է թուրքական «Ֆլայէյր» ընկերության կողմից դեպի Երեւան չվերթների կազմակերպումը: Ըստ հաղորդագրության, սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են, որ Անկարան կվերանայի հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելու իր քաղաքականությունը: