AM
24 January 2012 - 05:57 AMT

Թուրքիան ծրագրում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները հասցնել երկրորդ քարտուղարի մակարդակի

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ը, Անկարան խիստ միջոցներ կձեռնարկի ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ինչպես սպասվում էր, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր խորհրդարանում կհայտարարի Թուրքիայի կողմից ընդունված պատժամիջոցների մասին:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում օրինագծի ընդունումից հետո Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին Փարիզից խորհրդատվության համար, հայտարարել քաղաքական, ռազմական, տնտեսական, մակարդակներում երկկողմ այցերի սառեցման մասին, չեղյալ էր համարել համատեղ ռազմական վարժանքները և հայտարարել մի շարք այլ հակագործողությունների մասին: Հենց նույն ժամանակ էլ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր Ֆրանսիայի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունման հնարավորության մասին` կախված օրինագծի ընդունման դեպքում դեպքերի զարգացումից:

Ինչպես հայտնում է «Միլիեթ» պարբերականը, երեկ Անկարայում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ, քննարկվել են Ֆրանսիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները: Համաձայն պարբերականի, խոսքը Փարիզից ռազմական կցորդի և դեսպանի ժամանակավոր ետ կանչելու, Անկարայում ֆրանսակաի ռազմական կցորդին հավատարմազրկելու, Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, Թուրքիայում անցկացվող թենդերներին ֆրանսիական ընկերությունների մասնակցության արգելման, Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռների և նավերի` Թուրքիաի տարածքով անցնելու արգելքի մասին է:

Թուրքական կողմը, բացի այդ, օգտագործելու է միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնի Ֆրանսիայի խորհրդարանի որոշման չեղարկամնը, գրում է պարբերականը:

Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը ստորին պալատն ընդունել էր 2011թ դեկտեմբերի 22-ին: Այն նախատեսում է ժխտման համար 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: