Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցած լեհ դիտորդների խումբը կոչ է արել ԵԱՀԿ ղեկավարությանը վերանայել այդ ընտրություններին տված իրենց գնահատականը: Ըստ «Թուրան» գործակալության, իրենց հայտարարության մեջ լեհ դիտորդները նշում են, որ Ադրբեջանում քվեարկության ընթացքում դարձել են զանգվածային խախտումների եւ կեղծարարության ականատեսներ: Սակայն առանձնակի վրդովմունք են հարուցում, նրանց կարծիքով, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների հալածանքները, մասնավորապես այն դեպքերը, երբ ընդդիմությունից ընտրական հանձնաժողովների անդամները զանգվածային կարգով ձերբակալվել են, եւ նրանցից պահանջվել է ստորագրել կեղծված արձանագրությունները: «Ադրբեջանի քաղաքացիները հույս ունեին, թե ԵԱՀԿ-ն կդառնա արդար եւ ազնիվ ընտրությունների երաշխավորը: Սակայն իրականում ԵԱՀԿ-ն ներքաշվեց ընտրությունների կեղծման գործընթացում»,-ասվում է փաստաթղթում: