Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների հոկտեմբերի 31-ին Բաքվում կայանալիք ԱԳՆ ղեկավարների նիստին զուտ քաղաքական բնույթ կկրի: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով` հայկական պատվիրակությունը չի պատրաստվում ՍՏՀԿ նիստում հանդես գալ որեւէ առաջարկությամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են Բաքվի աղբյուրները, Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) մտադիր է այդ օրերին Բաքվում կազմակերպել բողոքի ցույց` հայկական պատվիրակության Ադրբեջան ժամանելու դեմ: ՂԱԿ-ը գտնում է, որ հայերի ժամանումը «վիրավորում է շահիդների հիշատակը, որոնք պայքարել են ադրբեջանական հողերի զավթման դեմ»: «Ղարաբաղն ազատագրողների» կարծիքով` նման այցերը «հակասում են ադրբեջանական ժողովրդի շահերին»: Նրանք պահանջել են ԱԳՆ-ից «կտրական քայլեր ձեռնարկել հայկական պատվիրակության Բաքու ժամանումը չթույլատրելու համար»: