Վեյկ ան Զեեում 10 տուրերից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 7.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և իր առաջին մրցակցին` Վասիլի Իվանչուկին հաղթում է 1 միավորով:
Անիշ Գիրիի հանդեպ հաղթանակից հետո, Արոնյանն ասել է, որ հակառակորդը խաղացել է այնպիսի պարտիա, որը ձեռնտու էր իրեն: «Կարծում եմ` Անիշը կարող էր ավելի լավ պաշտպանվել, սակայն մի քանի անհաջող քայլեր արեց և ես լավ դիրքում հայտնվեցի և կարողացա հաղթել»,-հայ շախմատիստի խոսքը հայտնում է chess-news-ը:
«Ես առաջ չեմ անցնում, առջևում դեռ երեք տուրեր կան, որոնցից հետո միայն պարզ կլինի, թե ինչպես կընթանան գործերը: Ես բավականին գոհ եմ իմ խաղից, հուսով եմ նույն կերպ էլ կշարունակեմ»,-ասել է Արոնյանը:
Հունվարի 26-ին շախմատիստները հանգստանում են, իսկ հունվարի 27-ին 11-րդ տուրում Արոնյանը կխաղա Դավիթ Նավարայի դեմ, ով 2.5 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Մյուս պարտիաներում կխաղան Մագնուս Կարլսենը-Վեսելին Տոպալովը, Գատա Կամսկին-Հիկարու Նակամուրան, Լյուկ վան Վելլին-Սերգեյ Կարյակինը,Վուգար Գաշիմովը-Թեյմուր Ռաջաբովը, Վասիլի Իվանչուկը-Բորիս Գելֆանդը, Ֆաբիանո Կարունան-Անիշ Գիրին:






