AM
24 October 2003 - 17:27 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 62 ՄԱՍՆԱԿՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հոկտեմբերի 15-16 Բաքվում տեղի ունեցած մասսայական անկարգությունների փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել 62 մարդու նկատմամբ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սադիգ Գյոզալովը: Նրա խոսքերով` վարչական կարգով կալանվել է շուրջ 400 մարդ, ավելի քան 50 մարդ ձերբակալվել է: Գյոզալովը նշել է, որ անկարգությունների արդյունքում տուժել է օրինապահ մարմինների 110 աշխատակից, որոնցից 63-ը բուժվում են հիվանդանոցում: Անկարգությունների մասնակիցներից զոհվել է մեկ մարդ եւ ավելի քան 30 մարդ ստացել վնասվածքներ: ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարն ընդգծել է, որ հետաքննությունը շարունակվում է եւ «անօրինական գործողությունների կազմակերպիչները եւ բռնության կոչ արած անձիք կպատժվեն»: Նշվել է նաեւ, որ առայժմ քրեական գործեր չեն հարուցվել «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի եւ նրա տեղակալ Ռաուֆ Արիֆօղլու նկատմամբ: «Այդ ուղղությամբ մենք առայժմ լրացուցիչ տեղեկություններ եւ փաստեր ենք հավաքում»,- ասել է լրագրողներին Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը: