Հայաստանում ուշադիր հետեւում են Ադրբեջանում զարգացող իրադարձություններին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Հայաստանում ակնկալում են, որ ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում հնարավորինս արագ կկայունանա, ասել է նա: Միեւնույն ժամանակ, Վ. Օսկանյանը խուսափել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին գնահատական տալ, նշելով, որ «Երեւանում ծանոթ են ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական եզրակացությանը եւ Ադրբեջանի ԿԸՀ հայտարարությանն այն մասին, որ նախագահ է ընտրվել Իլհամ Ալիեւը»: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Հայաստանն աշխատելու է Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ»: Պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանը կասկածանք է հայտնել, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշնորհավորի Իլհամ Ալիեւին ընտրվելու կապակցությամբ: «Մեր երկրների միջեւ նման ավանդույթ չկա», – ասել է նա: