Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման դեպքում չեչենները պատրաստ են ադրբեջանցիների հետ մեկտեղ կռվել հայերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Երկիր On-line»-ը, Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է ներկայումս Ադրբեջանում բնակվող չեչեն իրավապաշտպան Մաիրբեկ Թամարովը: Նրա խոսքերով` Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն «Բաքվում ասում է մի բան, իսկ Պուտինը հայերի հետ քննարկում է բոլորովին այլ հարցեր»: Ինչպես նշում է «Երկիր On-line»-ը, 1993 թվականին չեչեն եւ աֆղան վարձկալները ադրբեջանցիների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում: Դեպքեր են եղել, երբ նրանք գերի են ընկել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերին: Իսկ չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը ռուսաստանյան հեռուստաընկերությանը 1995 թվականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր միակ պարտությունը նա կրել է Մարդակերտի մոտ ղարաբաղյան ուժերի դեմ մղած կռվում: