Ավելի քան 20 հայ է գրանցվել որպես պատգամավորի թեկնածու` նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, ապագա խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հավանականություն ունեն համամասնական ցուցակով առաջադրված «Հանուն նոր Վրաստանի» իշխանական դաշինքի թեկնածուներ Առնոլդ Ստեփանյանը, Գիվի Շուգարովը եւ Ալեքսանդր Մովսիսյանը: Ոչ քիչ շանսեր ունեն նաեւ Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի առաջնորդած «Ժողովրդավարական վերածննդի միություն» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածուներ Արմեն Գեւորգյանը եւ Սաշա Ալեքսանյանը: Ընդդիմության ամենաուժեղ թեւը ներկայացնող «Բուրջանաձե-Ժողովրդավարներ» դաշինքի կողմից առաջադրված են Մելիք Ռայիսյանը եւ Հենրիխ Մուրադյանը: Նախընտրական մյուս դաշինքների եւ կուսակցությունների ցուցակներում եւս մի քանի հայեր կան, սակայն նրանց պատգամավոր դառնալու շանսերը այդքան էլ մեծ չեն: Հայաբնակ Նինոցմինդայի շրջանից Վրաստանի խորհրդարան մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվել են Հենզել Մկոյանը եւ Կոլյա Գրիգորյանը: Մեկ այլ հայաբնակ Ախալքալաքի շրջանում քվեարկությանն իրենց թեկնածություններն են առաջադրել Համլետ Շահբեկյանը, Համլետ Մովսիսյանը, Մերուժան Եզոյանը, Անաստաս Քոսյանը, Արթուր Երեմյանը եւ Սերգեյ Պողոսյանը: Նույնքան թեկնածուներ են առաջադրվել նաեւ Ծալկայի շրջանում` Յուրի Խեչոյանը, Հայկ Մելտոնյանը, Վան Բայբուրդյանը, Արմեն Ղարագյոզյանը եւ Աղասի Գեւորգյանը: Ախալցխայի շրջանից որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է առաջադրվել Սերգեյ Կարոյանը: