Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Բաքվի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել իրավապահ մարմինների եւ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստների միջեւ: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, «Մուսավաթ»-ի կենտրոնակայանի առջեւ հավաքված եւ դրանով իսկ ճանապարհային երթեւեկությունը փակած ընդդիմադիրների խմբի նկատմամբ ոստիկանությունը եւ ներքին զորքերի ստորաբաժանումները ուժ են կիրառել: Բախման արդյունքում տուժել են մի քանի հոգի, ներառյալ ԵԱՀԿ դիտորդներին եւ ոստիկանության աշխատակիցներին: Ջարդվել է ավելի քան 15 մեքենա, շուրջ 30 հոգի ձերբակալվել են: «Մուսավաթ»-ի 300 ակտիվիստներ կուսակցության կենտրոնակայանի առջեւ «տոնում էին» իրենց առաջնորդի` նախագահության թեկնածու Իսա Ղամբարի հաղթանակը հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում: Ակցիայի մասնակիցները հայտարարել են նաեւ, որ ընտրությունների նախնական արդյունքները կեղծվել են: Հետագայում իրավիճակը կայունացել է: Այսօր օրվա երկրորդ կեսին ընդդիմությունը նախատեսում է անցկացնել զանգվածային հանրահավաք, որի վայրը եւ ժամը ճշտվում են: Քաղաքային իշխանությունները զգուշացրել են, որ թույլ չեն տա անցկացնել այն քաղաքի կենտրոնում: