«Մուասիր Մուսավաթ» կուսակցության երկու անդամներ նախօրեին Բաքվում փորձել են ինքնահրկիզման ակտ իրականացնել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ինքնասպանության փորձը չի հաջողվել եւ կուսակցության ներկայացուցիչները ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հաղորդել է Բաքվի ոստիկանությունը, նման ձեւով «Մուասիր Մուսավաթ» կուսակցության անդամները փորձել են հասնել նրան, որպեսզի չեղյալ հայտարարվի նախագահական ընտրություններում «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի թեկնածության գրանցումը: 1992 թվականին լինելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ եւ միաժամանակ կատարելով երկրի նախագահի պարտականությունները` Իսա Գամբարը հրաժարվել է ներում շնորհել յոթ գնդակահարման դատապարտվածներին: