2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններն ԱՄՆ-ում դարձան այն գործողությունների շարունակությունը, որոնք Ադրբեջանը ժամանակին կիրառել էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոկսի գլխավորած ամերիկյան եւ բրիտանական գիտնականների, գրողների, լրագրողների եւ հասարակական գործիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նախարարի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Լեռնային Ղարաբաղն առաջիններից մեկը բախվեց ահաբեկչության բացահայտ դրսեւորման հետ, երբ Ադրբեջանը նրա դեմ օգտագործեց աֆղանական մոջահեդներին: «Արդեն այն ժամանակ մենք փորձում էինք բարձրացնել այդ հարցը, սակայն համապատասխան արձագանք միջազգային հանրության կողմից չստացվեց, քանի որ այդ ժամանակ աշխարհը չէր պատկերացնում զարթոնք ապրող ահաբեկչության ողջ վտանգը», – նշել է նա: «Մենք ստիպված էինք ընդունել լայնամասշտաբ պատերազմ սկսած Ադրբեջանի մարտահրավերը, քանի որ կանգնած էինք երկընտրանքի առջեւ` պայքարել, կամ թողնել հարազատ հողը», – ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: