Եթե Հայաստանը որոշի մասնակցել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում անցկացվելիք «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին, ապա պաշտոնական Բաքուն իրավունք չունի խոչընդոտել դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, հայ լրագրողներին Վաշինգտոնում հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան մի պաշտոնյա: Պատասխանելով Հայաստանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության կրճատման վերաբերյալ հարցին` նա նշել է, որ կրճատումները վերաբերել են Հարավային Կովկասի բոլոր երկրներին: Անդրադառնալով Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելուն Վաշինգտոնի տարբերակված մոտեցման պատճառներին` նա ընդգծել է, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը գերազանցում է Հայաստանին հատկացվող ռազմական օգնության չափերը, քանի որ Կասպյան տարածաշրջանն այսօրվա դրությամբ անվերահսկելի գոտի է, եւ այդ առնչությամբ Բաքվին մեծ միջոցներ են հարկավոր ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար: Ընդսմին, Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն ուշադրությամբ հետեւում է, որպեսզի Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը չօգտագործվի ակտիվ մարտական գործողություններ վարելու համար: