Ի տարբերություն Աֆղանստանի եւ Իրաքի, Կենտրոնական Ասիայով եւ Կովկասով մենք սկսեցինք զբաղվել մինչեւ այն պահը, երբ իրավիճակն այնտեղ կհասներ ճգնաժամի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: «Մենք հասկացանք, որ պետք է աշխատենք տարածաշրջանի կառավարությունների եւ բնակչության հետ` երկարաժամկետ կայունությանն աջակցելու եւ անվտանգության վակուումը կանխելու համար: Սա առաջին հերթին վերաբերում է Վրաստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին, որտեղ ահաբեկչական խմբերը սպառնում էին մեր ազգային շահերին», – հայտարարել է ամերիկյան դիվանագետը: Է. Ջոնսի խոսքերով` Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ԱՄՆ մտադիր են շարունակել պայքարը ահաբեկչական խմբերի անդրսահմանային տեղափոխումների, զանգվածային ոչնչացման զենքի եւ թմրամիջոցների փոխադրումների դեմ: