AM
26 September 2003 - 17:26 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Եվրամիությունը հռչակագիր է ընդունել, որում ողջունել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված որոշումը` մահապատժի վերացման մասին: «ԵՄ-ը շնորհավորում է Հայաստանի խորհրդարանին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացման կապակցությամբ: Այդ քայլը ոչ միայն դե-յուրե վերացրեց երկրում մահապատիժը, այլեւ թույլ տվեց կատարել Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը»,- ասվում է փաստաթղթում: Եվրամիությունը գտնում է, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, որ այդ նշանակալի քայլը հաստատեց Հայաստանի հավատարմությունը եվրոպական սկզբունքներին եւ արժեքներին: «Այժմ ԵՄ-ը կոչ է անում Հայաստանին ստորագրել եւ վավերացնել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը նախատեսում է մահապատժի վերացումը ցանկացած հանգամանքներում», – նշվում է հչակագրում: