ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան այլ երկրներ արտահանելու իրավունք չունի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ բնական մենաշնորհների գործունեությունը կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունում, Հայաստանում արտահանման գործառնություններ իրականացնելու համար ռուսական ընկերությունը պետք է ստանա համապատասխան լիցենզիա: Մինչդեռ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ն առայժմ նման հայտ չի ներկայացրել: Աղբյուրի համաձայն, ընկերությունը լիցենզիա է ստացել միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար: Նշենք, որ ռազմավարական ծրագրին համապատասխան, ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանը Վրաստանին, Իրանին եւ Թուրքիային միացնող 220 կՎ հզորությամբ միջպետական էլեկտրահաղորդման գծերը երկար ժամանակով վարձակալելու հնարավորությունը: Դա հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգի ավելցուկային էլեկտրաէներգիան հաղորդելու այդ երկրներին: