Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Լիբերալ-ժողովրդական միության» առաջնորդ Սեյրան Ավագյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Պաոլո Տրաբալցան: Նրա կարծիքով, Հայաստանի շրջափակված լինելը, ինչպես նաեւ «պատերազմող երկրի» կարգավիճակը թույլ չեն տալիս հանրապետություն ներդրումներ ներգրավել, ինչն իր հերթին ապակայունացնում է երկրի ներքաղաքական իրավիճակը: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա գտնել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորան ուղիներ, ինչն իր հերթին կնպաստի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Պ.Տրաբալցան ընդգծել է նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-իտալական կապերի կարգավորման անհրաժեշտությունը, որի արդյունքում Հայաստանը կկարողանա ստանալ Իտալիայի աջակցությունը մի շարք առաջնային հարցերի լուծման գործում: