AM
13 September 2003 - 15:46 AMT

ԵՄ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ԿՎԵՐԱԲԵՐՎԵՆ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԱՀԿ-Ի ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դրականորեն կվերաբերվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Նրա խոսքերով` 2004 թ-ը նոր հնարավորություններ կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, եւ Եվրամիությունը սպասում է, որ հակամարտող կողմերը հնարավորինս կաջակցեն ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվ բանակցություններ վարել, որոնց ոչ մի այլընտրանք չկա, ասել է դեսպանը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը նպատակաուղված ԵԱՀԿ ջանքերին, ինչպես նաեւ ավելի ակտիվ ներգրավվել հակամարտության կարգավորման եւ հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Բացի այդ, ԵՄ-ն կտրականապես դեմ է խնդրի ուժային կարգավորմանը, նշել է դեսպանը, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ կազմակերպությունը շատ լուրջ է վերաբերվում գործընթացի չափազանց երկար ձգձգման դեպքում հակամարտության հնարավոր «բռնկման» ռիսկին: