ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը «պատրաստ չէ» խոսել ղարաբաղյան խնդրի կարգավորման «նոր» կամ «մոդիֆիկացված» առաջարկների բովանդակության մասին, որոնք միջնորդները մտադիր են քննարկել սեպտեմբերի 15-ին Վիեննայում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ռուս դիվանագետը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այն հարցին, թե արդյո՞ք նոր առաջարկների հիմքում կմնան 2001 թվականին Փարիզում եւ Քի Վեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեռքբերված պայմանավորվածությունները, Յ.Մերզլյակովն ասել է հետեւյալը. «Ես պատրաստ չեմ բացել այդ առաջարկների էությունը: Ես ինքս դեռեւս բավարար տեղեկացված չեմ այդ առաջարկների մանրամասների մասին: Կարծում եմ, ավելի լավ է սպասել Վիեննայի մեր հանդիպմանը»: Ռուսաստանյան համանախագահը նշել է, որ միջնորդները կարգավորման նոր առաջարկները կներկայացնեն հակամարտության տարածաշրջան իրենց այցի ընթացքում, որը, հավանաբար, կկայանա նոյեմբերի սկզբին` Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Մեկնաբանելով Հայաստանի նախագահի հետ իր հանդիպման արդյունքները, Յ.Մերզլյակովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: