Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը կհատկացվի մաքսիմալ ուշադրություն: Այդ մասին Սոֆիայում նախօրեին հայ-բուլղարական բիզնես-համաժողովի փակմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես տեղեկացրել են նախագահի մամուլի ծառայությունում, Ռ. Քոչարյանը նշել է, որ բավարարված է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովի հետ անցկացրած բանակցությունների արդյունքներից: ՀՀ նախագահի կարծիքով, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստեղծված է անհրաժեշտ իրավա-պայմանագրային բազա, գործում է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողով, աստիճանաբար աճում են արտաքին առեւտրային շրջանառության ծավալները: Այսպես, եթե 1998 թվականին հայ-բուլղարական ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 17,2 մլն դոլար, ապա այսօր այն գերազանցում է 50 մլն դոլարին: Համենայն դեպս, գտնում է Հայաստանի նախագահը, «իրական համագործակցությունը դեռ պետք է զարգացնել»: Նրա խոսքերով` երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունները կարող են լինել գիտությունը եւ բարձր տեխնոլոգիաները, սնունդի արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, դեղագործությունը: Նշենք, որ Հայաստանի ղեկավարը գտնվում է Բուլղարիայում պաշտոնական այցով: