AM
8 September 2003 - 13:56 AMT

ՄԱԿ-Ի ՆԱԽԿԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԸՆԴԳԾՈՒՄ Է ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՀԱՐՑՈՒՄ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնաժողովի փորձագետ, դոկտոր Ալֆրեդ դը Զայասի կարծիքով «Թուրքիայի կառավարության համար շատ դրական քայլ պետք է լիներ, եթե այն հայ ժողովրդին առաջարկի վերադառնալ իր պատմական հայրենիք»: Նման հայտարարություն դը Զայասը արել է օրերս Տորոնտոյում ՀՅ Դաշնակցության կազմակերպած դասախոսության ժամանակ: Նման նախադեպ, նրա խոսքերով, եղել է նաեւ Հարավսլավիայի պատերազմից հետո 1995 թվականին, երբ Դեյթոնի պայմանագրի համաձայն Բոսնիացի մահմեդականներին ընձեռնվել էր հայրենիք վերադառնալու իրավունք: «Ռուանդայում ցեղասպանություն վերապրած հութուներն ու թութսիները ստացան արժանապատիվ եւ ապահով իրենց տները վերադառնալու իրավունք»,- հայտարարել է դը Զայասը, զուգահեռ անցկացնելով Հայոց ցեղասպանության հետ: Փորձագետը մեկ անգամ եւս վերահաստատել է նախկինում իր արտահայտած այն տեսակետը, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիային: Միեւնույն ժամանակ Զայասը նշել է. «Եթե Թուրքիան ձգտում է մտնել Եվրամիություն, ապա որպես անսակարկելի պայման, պետք է նկատի ունենա ներողություն խնդրելը եւ հատուցումը: Ես չեմ կարծում, որ Թուրքիայի կառավարության համար հեշտ կլինի ներողություն խնդրել: Նրանք չպետք է մտահոգվեն պատիժով, որովհետեւ ներկայիս ղեկավարությունը պատասխանատու չէ Ցեղասպանության զոհ դարձած հայերի մահվան համար»: