Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչությունը (ՆԳԳՎ) հաստատել է անցած շաբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաքում երեք հայերի սպանության մասին հաղորդագրությունները: Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Մոսկվայի ՆԳԳՎ մամուլի ծառայությունը, անհայտ անձանց կողմից «Գազ-3110» ավտոմեքենայի գնդակոծման արդյունքում սպանվել է Հայաստանի քաղաքացի Վանուշ Թորոսյանը, որը, եղած տվյալների համաձայն, երեւանյան «Դվին» հյուրանոցի սեփականատերն է: Երկրորդ սպանվածի մասին Մոսկվայի ՆԳԳՎ-ում տեղեկություններ չեն հաղորդում` հայտնի է միայն, որ նա ծնվել է 1945 թվականին եւ նույնպես Հայաստանի քաղաքացի է: Հանցագործության երրորդ զոհը (ծնված 1951թ-ն) ունեցել է Մոսկվայի գրանցում: Ոստիկանների տվյալներով, նույն գիշեր հայտնաբերվել է «Վազ-2110» ավտոմեքենան, որով փախել են հանցագործները դեպքի վայրից` թողնելով այն Մոսկվայի փողոցներից մեկում: Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» տեղեկացրել է Մոսկվայի ՆԳԳՎ-ից աղբյուրը, քննիչները չեն բացառում այն տարբերակը, ըստ որի, սպանվածները կարող էին առնչություն ունենալ Երեւանից Մոսկվա էժանագին ոսկու ապօրինի առաքմանը: