Սանքտ Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի նախագահ Վադիմ Տյուլպանովը օրերս ընդունել է այստեղ աշխատանքային այցով գտնվող Հայաստանում Լեռնաին Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Մելիքյանին: ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում Ա.Մելիքյանը ծանոթացրել է Սանքտ Պետերբուրգի խորհրդարանի ղեկավարին ԼՂՀ-ում տիրող քաղաքական-տնտեսական իրավիճակին, պետականության կառուցման եւ հասարակության ժողովրդավարացման գործընթացին Ադրբեջանի հետ 1994 թ. զինադադար կնքելուց հետո ընկած ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման հարցին, ղարաբաղյան տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությանը: Ներդրման առավել հեռանկարային ոլորտներից մեկը Ա.Մելիքյանը անվանել է զբոսաշրջության բիզնեսի զարգացումը ԼՂՀ-ում: Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է զարգացնել շփումները ԼՂՀ-ի եւ Սանքտ Պետերբուրգի միջեւ, եւ նշել են իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ իրավական հասարակության կառուցման սկզբունքներին: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը փոխանցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձը Սանքտ Պետերբուրգի խորհրդարանի ղեկավարին, որում երախտագիտություն է հայտնվում Սանքտ Պետերբուրգի, եւ առաջին հերթին, նրա խորհրդարանի ներկայացուցիչներին` ազատ եւ անկախ ապրելու ԼՂՀ ժողովրդի ձգտմանը աջակցելու համար: