AM
7 January 2004 - 15:32 AMT

ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աբխազիայի հայկական կազմակերպությունները հանդես են եկել տեղի հայերի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ վրացական ԶԼՄ-ների վերջին ժամանակներս տարածած հաղորդագրությունների հերքմամբ: «Մենք զարմանքով իմացանք, թե իբր հայերը ստեղծում են ազատագրական կոմիտե, որի նպատակն է պաշտպանությունը աբխազական ահաբեկչությունից»,-ասվում է «Կռունկ» բարեգործական մշակութային ընկերության կողմից օրերս տարածած հայտարարությունում: Աբխազցի հայերին հատկապես վրդովեցրել է հաղորդագրությունն այն մասին, թե իբր երկար տարիների ընթացքում հայկական համայնքը փոշիացնում է արտերկրից ստացվող օգնությունը: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ 1994 թվականից մինչ օրս Աբխազիայի հայկական համայնքը ոչ մի ֆինանսական օգնություն չի ստացել»,-նշվում է հայտարարության մեջ: «Կռունկ» ընկերության նախագահ Գալուստ Տրապիզոնյանի կարծիքով, նման հաղորդագրությունները ուղղված են Աբխազիայում ազգամիջյան պառակտման հրահրմանը: Իր հերթին Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան այդ առնչությամբ հայտարարել է, որ Աբխազիայի ամենաբազմամարդ համայնքներից մեկը հանդիսացող հայկական համայնքին ոչինչ չի սպառնում: «Նման հաղորդագրությունները ակնհայտ սադրանք են, որը հաջողություն չի բերի հասարակությունը պառակտելու նպատակ ունեցող նրա հեղինակներին»,-ընդգծել է նա, հաղորդում է «Regnum» գործակալությունը: Նշենք, որ Աբխազիայում հայերին ճնշելու վերաբերյալ տեղեկատվությունը տարածել էին թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը եւ «Գռուզիա.ռու» պորտալը: