Թուրքիայում հետաձգվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը, որ նախատեսված էր հունվարի 16-ին: Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդագրության համաձայն, պատճառը ազգայնական կազմակերպությունների ակտիվ բողոքն է, որոնք գտնում են, որ տվյալ ֆիլմը պաշտպանում է պատմական հայկական թեզը եւ նսեմացնում է օսմանյան զինվորի արժանապատվությունը: Մասնավորապես, ծայրահեղ ազգայնական «Գաղափարապաշտների օջախներ» կազմակերպությունը «Արարատի» ցուցադրումը համարում է դավաճանական քայլ: Նրա ակտիվիստների կարծիքով, իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը թույլատրելով ցուցադրել այս ֆիլմը, քաջալերում է Թուրքիայի թշնամի հանդիսացող հայերի գործողությունները: Ֆիլմի ցուցադրման իրավունքը գնած «Բելգե» ընկերությունը չի մասնավորեցրել, թե որքան ժամանակով է հետաձգվում ֆիլմի ցուցադրումը: Մինչդեռ, ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրրիեթ» թերթը, ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը տարակուսանք է հայտնել այդ առնչությամբ: Նա նշել է, որ առավել մանրամասն բացատրություն է ակնկալում Թուրքիայում ֆիլմի արգելման շարժառիթների վերաբերյալ: Ռեժիսորի կարծիքով, դա պայմանավորված է միայն ազգայնական ուժերի կողմից հնչող սպառնալիքների նկատմամբ չափազանց լուրջ վերաբերմունքով: