Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր կքննարկվեն երկկողմ «Համագործակցություն եւ ինտեգրում 2004» գործարար համաժողովի ընթացքում, որը կկայանա փետրվարի 20-23-ը Երեւանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել համաժողովի կազմկոմիտեյում: Աղբյուրի համաձայն, այդ միջոցառումը կկայանա ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Ռուսաստանի ապրանք արտադրողների միության աջակցությամբ: Հայկական կողմից հանդիպմանը կմասնակցեն արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ շինարարությունը ներկայացնող ձեռներեցներ: Ռուսական կողմից Հայաստան կժամանեն Ռուսաստանի ապրանք արտադրողների միության, Ռուսաստանի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի առեւտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ: Բացի այդ, հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի գյուղատնտեսության, արդյունաբերության, առեւտրի եւ շինարարության բնագավառների գործարարներ: Նշենք, որ ՀՀ վիճակագրության ծառայության տվյալներով, 2003 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 33,4 տոկոսով: