Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն այսօր հաստատել է Բաղդադում իր աշխատակցի` կանադահայ Վաչե Արսլանյանի ողբերգական մահվան մասին տեղեկատվությունը: Ինչպես ասվում է ԿԽՄԿ մամլո հաղորդագրության մեջ, ապրիլի 8-ի երկրորդ կեսից անհայտ կորած Վ.Արսլանյանի մարմինը հայտնաբերվել է Բաղդադում ապրիլի 9-ին իր աշխատակիցների կողմից: ԿԽՄԿ տվյալներով, ավտոմեքենան, որի մեջ կազմակերպության այլ անդամների հետ գտնվում էր Արսլանյանը, հայտնվել է խաչաձեւ գնդակոծության տակ: Այսօր Միջազգային Կարմիր Խաչի Բաղդադի ներկայացուցչությունում սուգ է հայտարարվել: Ներկայումս կազմակերպությունը գնահատում է իրավիճակը Բաղդադում հետագայում Իրաքում իր գտնվելու մասին որոշում կայացնելու համար: