Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) սկսում է արշավ ուղղված Թուրքիայում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրության արգելման դեմ: Մինչ այդ, հունվարի 6-ից նման արշավ է ձեռնարկել Կանադայի հայ դատի գրասենյակը` որը բողոք է հայտնել այդ ֆիլմի ցուցադրությանը խոչընդոտող թուրքական ազգայնական ուժերի ճնշման հանդեպ Թուրքիայի կառավարության անզորության կապակցությամբ: ԱՀԴՀ-ն ստորագրահավաք է սկսել` ուղերձ հղելով ԱՄՆ պետքարտուղարությանը եւ ամերիկյան ԶԼՄ-ներին, որտեղ մասնավորապես նշված է, որ Հայոց ցեղասպանությունից նույնիսկ 89 տարի անց Թուրքիայի դիրքորոշումը այդ հարցում մնում է անփոփոխ: «Քանի դեռ Թուրքիայում շարունակվում են փոքրամասնությունների հանդեպ ճնշումները, թուրք հասարակայնությունը չի կարող ժողովրդավարացվել եւ մտնել քաղաքակիրթ ազգերի ընտանիք»,- ասվում է ուղերձում: