Փետրվարի 27-ից մարտի 2-ը Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանում տեղի է ունենում մարզչական- մասնագիտական դասընթաց` հեծյալների համար: Մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները, իսկ դասընթացը վարում է ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի բարձրակարգ մասնագետ Ստավրոս Գեորգոպոլոսը:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, սեմինարը կանցկացվի երկու փուլով: «Դասընթացների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն արգելքների հաղթահարում և գեղավարգ ձևերը: Նման սեմինար Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, հուսանք, այն կլինի շարունակական: Ավելացնեմ, որ մոտ ապագայում պլանավորում ենք անցկացնել նաև մրցավարների սեմինար»,- ավելացրեց Հայրապետյանը:
Սեմինարին մասնակցում են 9 մարզիչներ, որոնցից 4-ը` Հայաստանից, իսկ 15 հայ մասնագետներ ունեն ազատ ունկնդրի կարգավիճակ:
Ստավրոս Գեորգոպոլոսը շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար և շեշտեց, որ սա հիմնաքար կլինի Հայաստանում ձիասպորտը զարգացնելու համար:






