AM
9 April 2003 - 14:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Այնպիսի փոքրիկ երկրի համար ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ գրեթե բոլոր երկրների հետ` նկատի ունենալով մեծ սփյուռքի առկայությունն արտասհմանում: Այս մասին «Կռասնայա զվեզդա» մոսկովյան թերթին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` մեկնաբանելով Երեւանի արտաքին քաղաքական փոխլրացումային կուրսը: Նրա խոսքերով` տվյալ քաղաքականության հիմքում դրված է համահայկական գաղափար: «Այսօր արտաքին քաղաքականության հաջողությունների մասին կարելի է դատել այս կամ այն երկրների հետ համագործակցության կոնկրետ արդյունքներով: Այս առումով, վերջին երկու տարիների ընթացքում ռուս-հայկական հարաբերություններում շատ մեծ աշխատանք է կատարվել համագործակցության ընդլայնման եւ խորացման ուղղությամբ բոլոր ոլորտներում` քաղաքականությունում, էկոնոմիկայում, ռազմական եւ ռազմա-տեխնիկական բնագավառներում»,- ընդգծել է դեսպանը: Բացի այդ, Ռուսաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է ԵվրասՏՀ-ին որպես դիտորդ միանալու Հայաստանի պատրաստակամությունը, որը կարեւոր պահ է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունում եւ լուրջ քայլ ԱՊՀ երկրների հետ ինտեգրման ուղղությամբ, գտնում է ռուս դիվանագետը: