AM
31 January 2004 - 15:37 AMT

ՍԹՈԿՀՈԼՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Սթոկհոլմում կայացած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային կոնֆերանսի մասնակիցների անդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային, արդեն իսկ կարելի է գործնական արդյունք համարել Հայաստանի համար: Նման տեսակետ է արտահայտել լրագրողներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` մեկնաբանելով ավարտված համաժողովի արդյունքները: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության թեման մի շարք միջազգային պատմաբանների եւ գիտնականների արծարծմամբ հնչել է Սթոկհոլմի կոնֆերանսի ամբիոնից: Խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին` հայկական պատվիրակությունը առաջարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դրանց համար պատժի մասին դրույթների հետ մեկտեղ, որոնք արծարծվել են կոնֆերանսում, մտցնել նաեւ ցեղասպանությունների ճանաչման մասին դրույթը: Մեր կարծիքով, ցեղասպանության սպառնալիքը կարելի է կանխել միայն համադրելով բոլոր այդ դրույթները: Ինչպես գտնում է վարչապետը, հայկական կողմին հաջողվել է համաժողովի մասնակիցների մոտ ամրապնդել այն մոտեցումը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, հարկավոր է ճանաչել ու նշել այն որպես անցյալ դարի առաջին ցեղասպանության մասին: Միեւնույն ժամանակ, ՀՀ պատվիրակությունը փորձել է հիմք դնել այն միջոցառումների շարքին, որոնք Հայաստանի կառավարությունը մտադիր է իրականացնել Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ: «Դա կարելի է առաջին քայլը համարել այն միջոցառումների շրջանակում, որոնք կայանալու են Հայաստանում եւ սփյուռքում եւ տեւելու են մինչեւ 2005թ. կեսերը»,- ասել է Ա.Մարգարյանը: