AM
1 March 2012 - 10:06 AMT

Հայաստանի դեսպանը Կանադայի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը

Փետրվարի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրին:

Հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկեցին հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես, Բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրների, եւ խորհրդարանի խոսնակի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Այդ համատեքստում դեսպան Եգանյանը խոսնակի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, որի պատճառով բանակցային առաջընթացը դանդաղում է:

Բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան իր բնակչության մեջ սերմացնում է հայատյացություն:

Հանդիպման վերջում Արմեն Եգանյանը Հայաստանի կառավարության կողմից երախտագիտություն հայտնեց Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այս հարցում սկզբունքային մոտեցման համար: