Հայ-թուրքական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Քաան Սոյաքը ելույթ ունենալով Եվրախորհրդարանում կազմակերպված խորհրդաժողովում` կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, խորհրդաժողովը նվիրված էր Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շրջափակման 10-րդ տարելիցին: Ք. Սոյաքը նշել է մի շարք ակնհայտ հնարավորություններ, որոնք կունենան տարածաշրջանի երկրները, եւ առաջին հերթին` Հայաստանն ու Թուրքիան, շրջափակման վերացման դեպքում: Նրա խոսքերով` Արեւելյան Թուրքիայում տնտեսական ճգնաժամը խորացել է հարեւան երկրների հետ մերձսահմանային առեւտրի հնարավորության բացակայության հետեւանքով, իսկ շրջափակման պատճառով Հայաստանի վնասը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի 30-40 տոկոսը: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ԵԽ ինստիտուտների ներկայացուցիչներ: