AM
7 April 2003 - 16:05 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕՐԻԱՆԱԳԾԻ ՎԵՐՍՏԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ 104 կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` պահանջելով «Առաջին համաշխարհային պատերազմում հայերի կրած տառապանքների» վերաբերյալ ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում օգտագործել «ցեղասպանություն» բառը: Որոշակի մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ` թուրքական «Ռադիկալ» թերթը, մասնավորապես, վկայակոչելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության պայմաններում ամերիկյան վարչակազմից կարելի է անկանխատեսելի քայլեր ակնկալել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, որոշ դիտորդներ կարծում են, որ ստեղծված իրավիճակում հայկական լոբբիի դիրքերը Ներկայացուցիչների պալատում բավականին ուժեղացել են, քանի որ շատերը Թուրքիային մեղադրում են Իրաքի հարցում ԱՄՆ-ի հետ առավել սերտ համագործակցությունից հրաժարվելու համար: Ուստի դիտորդները կասկածում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրիանագիծը վերստին Կոնգրեսի օրակարգ մտցվելու դեպքում ԱՄՆ վարչակազամն այս անգամ էլ «կկանգնի Թուրքիայի կողքին»: Նույն աղբյուրի համաձայն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «թուրքական խմբի» անդամները նույնպես մտահոգություն են հայտնել «հայկական հարցին առնչվող» օրինագծի վերստին օրակարգում հայտնվելու հնարավորության առնչությամբ: Նրանց առանձնապես անհանգստացում է այն հանգամանքը, որ «ավանդաբար թուրքական խմբին սատարող հրեական լոբբին», որը նույնպես դժգոհ է Իրաքի հարցում Թուրքիայի դիրքորոշումից, այս անգամ արդեն կարող է չաջակցել իր թուրք գործընկերներին: Հիշեցնենք, որ օրերս Ֆրեզնոյից Սենատի անդամ Չակ Փուչիգանն ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին: