Մարտի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը Ժնևում տեղի է ունեցել Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական և քաղաքական գործիչներ, Ժնևի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասել է. «Վերջին տարիներին դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել. դրանք արտացոլվել են երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական փոխայցելություններով, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնադրմամբ: Հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, այլև դրանց որակով և խորությամբ: Հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր փոխադարձ ջանքերն իրենց արդյունքներն են տվել` առավել խորացնելով երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Ձեզ հանձնել Պատվո շքանշանը մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում Ձեր նշանակալից ավանդի համար»։