Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսված է առաջիկա ամռանը Մոսկվայում անցկացնել արտասովոր մի մրցաշար` հայազգի գրոսմայստերների եւ աշխարհի հավաքականի միջեւ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, մոսկովյան «Վեստնիկ» պարբերականի խմբագիր Կարեն Միքայելյանին պատկանող այս գաղափարը ջերմ ընդունելություն է գտել շախմատային աշխարհում: Աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը ոչ միայն համաձայնել է մասնակցել մրցաշարին, այլեւ խաղերի անցկացման իր տարբերակն է առաջարկել, եւ այդ առթիվ ներկայումս քննարկումներ են անցկացվում: Նշենք, որ Տիգրան Պետրոսյանին նվիրված միջոցառումներ են կայանալու Երեւանում եւ Ստեփանակերտում, որոնց պատվավոր հյուրն է լինելու շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին: