AM
3 March 2004 - 17:34 AMT

ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՆՈՒՄ Է ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՆԱԽՕՐԵԻՆ ՊՂԾԵԼ ԷԻՆ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի իրավապահ մարմինները աշխատանք են տանում հայտնաբերելու համար այն անձանց, որոնք նախօրեին պղծել էին տասնյակից ավելի հայկական շիրիմներ քաղաքային գերեզմանատանը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, քրեական գործը հարուցվել է «խուլիգանություն» հոդվածով: Ոստիկանության ներկայացուցիչները իրենց վարկածը գերադասում են դեռեւս չհնչեցնել: Նրանք միայն հաղորդել են, որ բարբարոսության ակտը կանխավ չի նախապատրաստվել, քանի որ քանդված շիրմաքարերի վրա չկան նիգերի կամ այլ ծանր առարկաների հարվածների հետքեր: Կատարված փորձաքննության համաձայն, գերեզմանոցում հայտնաբերվել են հաստ ներբանով, ըստ ամենայնի, երկարաճիտք կոշիկների հետքեր: Ոստիկանները նաեւ համոզված են, որ բարբարոսները իրենց գործողությունները կատարել են ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Կրասնոդարի քրեական ոստիկանության պետ Անդրեյ Կլոչկոյի խոսքերով, 2002 թվականի ապրիլին տեղի ունեցած նման արտակարգ պատահարից հետո, երբ նույն գերեզմանատանը ավերվել էին ավելի քան 30 շիրմաքարեր, մեղավորներին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից գրագետ կազմված պաշտպանության շնորհիվ: Իսկ այժմ մեղավորները անպայման կպատժվեն, հավաստիացրել է նա: Հիշեցնենք, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Կրասնոդար քաղաքի Սլավոնական գերեզմանատանը ավերվել եւ պզծվել էին տասնյակից ավելի հայկական շիրմաքարեր: Գերեզմաններից մեկը բարբարոսների զոհ է դառնում արդեն երկրորդ անգամ: