AM
8 March 2004 - 14:45 AMT

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՐԵՑԻՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԸ

Ամերիկյան «Նյու Յորք թայմզ» թերթը իր վերջին համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: «Թուրքերը կոտրում են հայկական հարցի շուրջ լռության պատը» խորագրով հոդվածում խոսք է գնում այն թուրքերի մասին, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը: Թերթի համաձայն, Մինեսոտայի համալսարանում (ԱՄՆ) աշխատող հասարակագետ Թաներ Աքչամը առաջին թուրք մասնագետն էր, որ օգտագործեց ցեղասպանություն բառը: Աքչամը այն փոքրաթիվ ուսումնասիրողներից մեկն է, ովքեր հետեւողականորեն շեշտում են թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության անիրավացիությունը, նշվում է թերթում: Իր հերթին, գերմանաբնակ թուրք պատմաբան Ֆիքրեթ Ադաները նշում է. «Մենք պետք է հաշվի նստենք պատմության հետ, ինչպես որ գերմանացիներն արեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դա չափազանց կարեւոր է ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առողջացման համար»: Նշելով, որ «Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոն» ամերիկյան կազմակերպությունը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի դիմումի հիման վրա ընդունել է, որ 1915թ-ին կատարվածը հանդիսանում էր ցեղասպանություն` թերթը մեջբերում է Սաբանջի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայի խոսքն այն մասին, թե «Թուրքիան լռության պատ է քաշել իր պատմության եւ ժամանակակից օրերի միջեւ»: